Սնկերի արտադրությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի գյուղատնտեսության համար

չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2014 թ.
Սնկերի արտադրությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի գյուղատնտեսության համար

Սնկերի արտադրությունը Հայաստանում բավական նոր ճյուղ է, սակայն արդեն կան արտադրողներ, ովքեր թարմ և պահածոյացված սունկ են ներմուծում շուկա: «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի սունկ արտադրող խոշոր ընկերություններից մեկի` «Առողջ սունկ»-ի տնօրեն Սուրեն Դավթյանի հետ:

- Տասը տարի առաջ, երբ սկսեցիք սնկերի արտադրություն, ինչպսի՞ն էր իրավիճակն այս ոլորտում, կայի՞ն արդյոք խոշոր մրցակիցներ և ինչպիսի՞ խնդիրների հանդիպեցիք կայացման ճանապարհին։

- Երբ սկսեցինք մեր գործունեությունը, աշխատում էինք մի սենյակում, որտեղ արտադրվում էր կոմպոստը, իսկ սնկերի արտադրությունն այդ պահին ավելի շուտ էքսպերիմենտալ բնույթ էր կրում։ Հետագայում ավելացրինք թարմ սնկի արտադրությունը, և ոլորտը թափ հավաքեց՝ դառնալով գյուղատնտեսության ենթաճյուղերից։Երբ սկսեցինք այս բիզնեսը, Հայաստանում սնկի արտադրությամբ զբաղվում էին քիչ տնտեսություններ։ Նրանք չունեին միջոցներ՝ ուսումնասիրելու ոլորտը և ժամանակի ընթացքում դադարեցրին գործունեությունը։Մենք այս ճյուղն ընտրեցինք որպես առանցքային և եկանք այն մակարդակին, որ արդեն մեծ ծավալներով կոմպոստ ենք արտադրում։ Այս պահին կարելի է ասել, որ սնկի արտադրությունը հանրապետությունում առանձին ձևավորված ճյուղ է։Այն կարևորում եմ, քանի որ արտադրության գործընթացում ընդգրկված են բազմաթիվ աշխատողներ, որոնց գումարվում են նաև այն մարդիկ, ովքեր մասնակցում են սնկերի մշակման համար անհրաժեշտ մյուս բաղադրիչների արտադրությանը։

- Ներկայումս Հայաստանում կան նաև սունկ արտադրող այլ ընկերություններ, ինչո՞վ եք փորձում առանձնանալ շուկայում:

- Մեր գործունեության հենց սկզբից միտված ենք եղել շուկա հանելու այնպիսի արտադրանք, որը լինի էկոլոգիապես մաքուր և առողջարար հասարակության համար։Մեր արտադրանքը չի պարունակում հավելանյութեր, որոնք արհեստականորեն ազդում են ապրանքային տեսքի, սնկի չափի կամ քանակի վրա։Շեշտը դրված է հենց հայրենական արտադրության վրա։ Ընկերությունը տարեկան ապահովում է մոտավորապես 350 մլն դրամի եկամուտ գյուղացիների համար միայն այն բանի շնորհիվ, որ նրանցից ձեռք է բերում ծղոտ։ Նույն կերպ մենք թռչնաբուծարաններից ձեռք ենք բերում թռչնաղբը։ Եթե ֆաբրիկան պետք է ծախս կատարեր այդ թռչնաղբն ուտիլիզացնելու համար, ապա մենք այն օգտագործում ենք արտադրության ընթացքում, և տեխնոլոգիական մշակման ժամանակ թռչնաղբը ուտիլիզացվում է։

- Հայաստանում կոմպոստի արտադրության մասով ձեր ընկերությունն առաջատար է, իսկ աշխարհում դրա արտադրության առաջատարները Նիդերլանդները, Լեհաստանը և Ուկրաինան են։ Ինչպիսի՞ տեխնոլոգիայով եք իրականացնում կոմպոստի արտադրությունը, որակական առումով այն բավարարո՞ւմ է այն չափանիշներին, որ կան նշված երկրներում:

- Կոմպոստի արտադրության համար մենք օգտագործում ենք այն տեխնոլոգիան, որը կիրառում են հոլանդացիները, պարզապես կախված կոնկրետ հումքի բաղադրությունց՝ փոքր-ինչ տարբերություններ կան։ Կոմպոստի որակի վրա ազդող շատ հատկանիշներ կան, մենք աշխատում ենք, որ Հայաստանի պայմաններում, հնարավորինս ապահովենք այն որակը, որ ստացվում է եվրոպական երկրներում։ Մինչ օրս եվրոպացի մասնագետները, ովքեր այցելել են մեզ, այն կարծիքն են հայտնել, որ հաջողվում է ստանալ որակյալ հումք։ Սնկի հումքը՝ կոմպոստը, արտադրվում է ծղոտից, թռչաղբից, գիպսից և ջրից, որոնք խառնվելով և անցնելով հատուկ տեխնոլոգիական ցիկլ՝ միջավայր են ստեղծում սնկերի աճի համար։ Կոմպոստն անցնում է նաև պաստերիզացիոն փուլ, որի ժամանակ սպանվում են այն մանրէները, որոնք խանգարում են սնկի աճեցմանը։ Հետագայում արդեն, արտադրամասում համապատասխան խոնավության և ջերմության պայամաններում և այլ պարամետրներով ապահովվում է այնպիսի միջավայր, որի պարագայում կոմպոստի մեջ առկա սնկի սերմը սկսում է զարգանալ և արմատներ գցել։

Սնկի բերքատվությունը հաշվում են քառակուսի մետրերով, մեկ մետր քառակուսու վրա, որը կշռում է 100 կգ կոմպոստ, ստացվում է 20 կգ սունկ։Դա հավաքվում է երեք փուլով։Կոմպոստի տեղադրումից հետո 37-38-րդ օրը հավաքում են առաջին սունկը, փուլերի միջակայքն էլ մոտավորապոս հինգ օր է, այսինքն` կոմպոստի կյանքը մոտ երկու ամիս է։

- Սնկերի արտահանման ինչպիսի՞ հնարավորություններ կան, մրցակցայի՞ն է արդյոք հայկական արտադրանքը այլ շուկաներում:

- Ներկայումս ուսումնասիրում ենք այն հնարավորությունները և ծախսածածկման սխեման, որ թույլ կտա մեզ մեծացնել արտահանումը: Բացի այդ, մեծ պոտենցիալ ունի պահածոյացված սնկի արտադրությունը: Արտահանման տեսակետից այն ավելի մեծ ծավալ կարող է ունենալ: Հայկական արտադրության սունկն ունի համային այնպիսի հատկանիշներ, որոնք նույնիսկ պահածոյացվելուց հետո պահպանվում են: Դա հիմնական առավելություն է, օրինակ, Չինաստանից ներմուծված սնկերի պահածոների համեմատությամբ։

- Հաճախ է խոսվում այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը կարող է խթան լինել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Ուսումնասիրե՞լ եք արդյոք` սնկերի արտահանման համար ինչպիսի հնարավորություններ են ստեղծվում:

- Կարծում եմ, որ թե Եվրասիական միության և թե Եվրամիության հետ փոխահարաբերությունները նպաստավոր կլինեն բիզնեսների համար։ Եթե խոսում ենք տնտեսության ընդհանուր զարգացման կամ դրա որևէ ճյուղի աճի մասին, ապա հարցին պետք է մոտենալ մակրոտնտեսական կողմից, և ընդգրկել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ զարգացման սկզբունքները։ Միանգամից դժվար է մեծ ծավալի արտահանում իրականացնել, քանի որ կարիք կա ուսումնասիրելու թե փոխադրման պայմանները, թե պայմանագրային կետերը: Սունկն այնպիսի օրգանիզմ է, որին պետք է նուրբ մոտենալ: Այս բնագավառին անծանոթ մարդը կարող է մտածել, որ դա կարտոֆիլ հավաքելու նման է, սակայն սնկի դեպքում կան շատ մանրուքներ: Միության տարածքում այլ ընկերություններ էլ զբաղվում են սնկարտարդությամբ, սակայն դա չի բացառում հնարավորությունները, որ մենք ևս արտահանում անենք։


Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի, «Արմենպրես»


Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Շամպինյոնը միակ սնկատեսակն է, որի համն աչքի է ընկնում թթվայնությամբ: